Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Միլիո՛ն տուր ինձ, միլիո՛ն...

Միլիո՛ն տուր ինձ, միլիո՛ն...
27.02.2009 | 00:00

«ԿՈՌ» ՈՒ «ԲԱՀՐԱ»
Գաղտնիք չէ, որ վերջին տասը տարիներին հարկահավաքության գործընթացում լայնորեն կիրառվում է գործարարներից կանխավճարներ և գերավճարներ գանձելու գործելաոճը, որը թեև տնտեսագիտական տեսանկյունից խոսում է տվյալ պետության ոչ բավարար զարգացած լինելու մասին, սակայն այդ ճանապարհով Հայաստանի կառավարությունը կարողանում էր լուծել բյուջեի կատարողականի, ինչպես նաև դրա գերակատարման խնդիրը:
Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, կարծես թե, այս գործելաոճը Հայաստանում այլևս լուրջ դերակատարում չունի և բյուջեի համալրմանն այս ժամանակահատվածում դժվար թե կարողանա օգտակար լինել: Մեր հարկային վարչարարությունը դեռևս չունի այլ մեխանիզմներ բավարար չափով վճարումներ ապահովելու համար: Պարզապես, տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ, ներկայումս գործարարներից, մանավանդ փոքր և միջին հատվածից, կանխավճար կամ գերավճար պահանջելը լուրջ դժգոհությունների տեղիք է տալիս: Այն, որ հարկեր հավաքելն իսկապես դժվարացել է, ապացուցվում է նաև այն իրողությամբ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային ստորաբաժանումների աշխատակիցներն օրական մի քանի անգամ զանգահարում են գործարարներին և յուրաքանչյուրից, ըստ բիզնեսի մեծության, այս անգամ ոչ թե պահանջում, այլ հորդորում են կանխավճարներ տրամադրել: Հարկայինի աշխատակիցներին էլ կարելի է հասկանալ, քանի որ յուրաքանչյուրի վրա յուրօրինակ «պլան» է դրված բավարար չափով գումարներ բյուջե մուտք անելու համար: Սակայն 50 հազարից մի քանի միլիոն դրամի կանխավճար պահանջելն իսկապես դժվար գործ է դառնում:
Հասկանալի է նաև, որ կառավարությունն արդեն մտավախություն ունի, որ այս տարվա բյուջեի մուտքերը դժվար թե իրականություն դառնան։ Դրա մասին է խոսում այն իրողությունը, որ գործադիրն արդեն իսկ խնդիրներ ունեցավ պետբյուջեից վարձատրվողների աշխատավարձերը վճարելիս: Պարզ է, որ ներքաղաքական գործընթացների ակտիվացմանը զուգահեռ աշխատավարձերի ուշացումը կամ չվճարումը հենց գործող իշխանությունների համար հղի է բավականին ծանր հետևանքներով: Սա նաև հարկայինի աշխատողներն էին հասկացել, այսինքն` բավարար չափով գումարներ են անհրաժեշտ մարտի 1-ի հանրահավաքից առաջ մարդկանց աշխատավարձերը վճարելու և այդպիսով դժգոհների բանակը պակասեցնելու համար: Այս առումով պետական հիմնարկների աշխատակիցները երևի այս անգամ պետք է «շնորհակալություն» հայտնեն ընդդիմությանը, որ հանրահավաքի առիթով ստացան իրենց աշխատավարձերը:
Չնայած կառավարությունն այդպես էլ չի սկսում 2009-ի բյուջեն սեկվեստրի (վերահաշվարկի) ենթարկելու գործընթացը, Համաշխարհային բանկն էլ իր տարածած զեկույցում նշում է, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը լավագույն դեպքում զրոյական կլինի, այսինքն` նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշները հնարավոր չի լինի կրկնել։ Այս պարագայում կառավարությունը պետք է այլ միջոցներ ձեռք առնի, մասնավորապես, աշխարհի զարգացած երկրների կառավարությունների օրինակով պետք է առավելագույնս կրճատի պետական ապարատի ծախսերը: Սակայն դժվար է ասել, թե արդյոք այս պարագայում մեր պետական պաշտոնյաները կհամակերպվե՞ն այն մտքի հետ, որ չպետք է շրջեն թանկարժեք ավտոմեքենաներով կամ պետբյուջեի գումարների հաշվին այլևս չմեկնեն արտասահմանյան թանկ ուղևորությունների:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5935

Մեկնաբանություններ